Հայկական տեղանվանապատում. Աժդահակ ու Արա լեռներ

Աժդահակ

Լեգենդի համաձայն ` մի անգամ Հայաստան էր մտել եռագլուխ մի վիշապ օձ, որի անունը Աժդահակ էր։ Նա չէր հագենում ջրից։ Վիշապը որտեղ գնում էր, ուր հասնում էր ցամաքեցնում էր։ Եվ մի օր էլ, վիշապը հասավ Սևանա լճին, ուզում էր ցամաքեցնել և Սևանը, բայց հայոց աստվածների հայր Արամազդը խանգարեց նրան. երբ Աժդահակը հասավ Գեղամա լեռներին, Արամազդը ուժեղ փնչացրեց և վիշապի շուրջը ծածկեց ձյունով։

Մինչ դա Հայոց աշխարհում սաստիկ ցրտեր ընկան։ Վիշապ օձ Աժդահակը փշշաց, բայց չկարողացավ սողալ. նույն րոպեին շունչը փչեց։ Այդ ժամանակվանից էլ Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, որտեղ շունչը փչեց վիշապը, կոչվեց Աժդահակ։

Արա

Լեռան ծագումը կապվում է հայոց արքա Արա Գեղեցիկի հետ։ Լեգենդի համաձայն ` Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային: Նա ցանկանում էր իրար միացնել Ասորեստանն ու Հայաստանը և թագավորել Արայի հետ միասին: Շամիրամը շատ ջանք թափեց Արայի սիրտը գրավելու համար, բայց չկարողացավ։ Արայի կողմից մերժում ստանալուց հետո, Շամիրամը պատերազմ հայտարարեց Արա Գեղեցիկին այն հույսով, որ կհաղթի Արային։

Պատերազմը տեղի է ունենում լեռան ստորոտին, որի ժամանակ արքան վիրավորվում ու մահանում է։ Սակայն Շամիրամը չի հաշտվում այն մտքի հետ, որ Արան այլևս ողջ չէ և հրամայում է Արայի մարմինը տեղափոխել լեռան գագաթը, որտեղ Արալեզները պետք է կենդանացնեին Արային: Այս պատմությունը ծագել է լեռան տեսքից, երբ նայում ես լեռանը այն կարծես պառկած մարդու տեսք ունի, որը նման է արքա Արային, ինչի շնորհիվ լեռը կոչվել է Արայի լեռ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *