Daily Archives: March 22

Աբովյան 52

112-ամյա այս շենքում 1920 թվականից սկսել է գործել է Երեւանի պետական համալսարանը:

Աբովյան (նախկին Աստաֆյան) փողոցի վրա գտնվող եւ այժմ հիմնովին վերանորոգված սեւ տուֆից այս շենքը, որին երեւանցիներն ասում են «համալսարանի սեւ շենք», արդեն 112 տարվա ուշագրավ պատմություն ունի: Այն կառուցվել է 1905 թվականին ճարտարապետներ Վասիլի Միրզոյանի եւ Նիկոլայ Կիտկինի նախագծով: Այժմ այստեղ են գործում Երեւանի պետական համալսարանի երեք ֆակուլտետները՝ աստվածաբանության, պատմության, տնտեսագիտության եւ կառավարման:
Շենքն ի սկզբանե նախատեսված է եղել որպես Երեւանի ուսուցչական սեմինարիայի մասնաշենք: Այս ուսումնական հաստատությունը հիմնադրվել էր դեռեւս 1881 թվականին եւ սկզբում գործում էր վարձակալված տարածքներում՝ քաղաքի տարբեր առանձնատներում: Ուսուցչական սեմինարիան փաստորեն մանկավարժական ուսումնարանի նախատիպն է հանդիսացել եւ պատրաստել է ուսուցիչներ՝ նահանգային դպրոցների տարրական դասարաններում դասավանդելու համար:
1901-ին սեմինարիայի ուսուցչական խորհրդի կողմից որոշում է կայացվում ուսումնական հաստատության համար կառուցել առանձին շենք, եւ ապագա շենքի տեղի ընտրությունը կանգ է առնում Աստաֆյան փողոցի վերնամասում գտնվող եւ այգիներով շրջապատված տարածքի վրա: Շինարարության հիմնաքարը դրվում է 1902-ին, իսկ 1905 թվականին շենքն արդեն ամբողջությամբ կառուցված էր: Այն սկզբում եղել է երկհարկանի կառույց, 1930-ականներին վերակառուցվել է եւ ավելացվել 3-րդ հարկը, որի ընթացքում ամբողջությամբ պահպանել է շենքի ճարտարապետական ընդհանուր ոճը: Բացի դասասենյակներից, սկզբնական նախագծով շենքում եղել են ուսուցչական սենյակներ, գրադարան, ընթերցասրահ, խոհանոց, ճաշարան, ժողովների եւ մարմնամարզական դահլիճներ:
Երեւանի ուսուցչական սեմինարիան այս շենքում գործեց մինչեւ 1915 թվականը: 1915-1916 թթ. այստեղ սովորում էր 117 ուսանող, որից 50-ի ուսուցումը վճարվում էր պետության կողմից: 1915-ին սեմինարիան տեղափոխվում է այլ տեղ, իսկ շենքը դառնում է զորանոց: Արդեն Առաջին հանրապետության օրոք այստեղ է տեղակայվում հայոց եղեռնից մազապուրծ երեխաների որբանոցը:

1919 թվականի մայիսի 16-ին Առաջին հանրապետության կառավարությունը մայրաքաղաք
Երեւանում համալսարան հիմնելու որոշում ընդունեց: Չնայած դժվարին տնտեսական պայմաններին, դա կարեւորագույն առաջնային խնդիր էր համարվում նորանկախ երկրի համար, եւ ամեն ինչ արվում էր, որպեսզի Հայաստանում ձեւավորվի ազգային գաղափարներ կրող նոր սերունդ: Երեւանում այդ պահին հարմար շենքային պայմաններ չլինելու պատճառով՝ որոշվում է Հայաստանի առաջին համալսարանը բացել եւ դասընթացների մեկնարկը տալ Ալեքսանդրապոլում (Գյումրի):
Մի քանի ամիս տեւած քրտնաջան նախապատրաստական աշխատանքներից հետո, 1920 թվականի հունվարի 31-ին համալսարանը մեծ հանդիսավորությամբ բացվեց Ալեքսանդրապոլի առեւտրային ուսումնարանի շենքում: Պաշտոնական այդ արարողությանը մասնակցել են Հայաստանի պետական առաջին դեմքերը՝ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի, լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի եւ արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի գլխավորությամբ:
Համալսարանի բացմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր եւ դիվանագիտական ներկայացուցիչներ Երեւանից եւ Թիֆլիսից: Երկար հարյուրամյակների անկախության կորստից հետո պատմական հայրենիքում առաջին պետական բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրումը՝ դա իրոք պատմական մեծ իրադարձություն էր Հայաստանի համար:

1920 թվականի հունիսին կառավարությունը որոշում է կայացնում տեղափոխել
համալսարանը մայրաքաղաք: Քանի որ Ամերկոմը սկսել էր կենտրոնացնել բոլոր որբանոցները Ալեքսանդրապոլում՝ տեղափոխման էր ենթակա նաեւ Երեւանի Աստաֆյան փողոցի նախկին սեմինարիայի շենքում տեղակայված որբանոցը: Հենց այս շենքում էլ որոշվում է վերսկսել համալսարանի դասընթացները, եւ շուտով սեմինարիայի ազատված շենքում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Համալսարանում դասերը մեկնարկեցին 1920-ի հոկտեմբերի 1- ին, եւ այդ պահից սկսած Երեւանի համալսարանի պատմությունը մինչ օրս կապված է «սեւ շենքի» հետ: Շուտով սակայն համալսարանի նոր ուսումնական տարվա բնականոն ընթացքը խափանվում է, քանի որ Հայաստանի սահմաններին պատերազմական ծանր դրություն էր: Քեմալական Թուրքիան, օգտվելով տարածաշրջանում իր համար ստեղծված բարենպաստ աշխարհաքաղաքական պահից, ռազմական հարձակում ձեռնարկեց Հայաստանի վրա: