Վահանավանք

presentation

1.Ի՞նչ է վանքը, ինչո՞վ է տարբերվում եկեղեցուց՝

Եկեղեցին, եթե շինությունը նկատի ունենք, աղոթավայրն է, որ կառուցված է հատուկ օրհնությամբ ու նվիրագործումով, օծումով և հաստատված է հավաքական կամ ընդհանրական աղոթքների, աստվածպաշտական արարողությունների համար: Եկեղեցիները լինում են բնակավայրերում` հավատացյալների հոգևոր կարիքների համար: Վանքերն առավելաբար լինում են նաև բնակավայրերից դուրս և նախատեսված են վանականների կեցության, վանականների աղոթական կյանքի համար: Վանքն ունենում է եկեղեցի` պաշտամունքային վայր, ինչպես նաև վանաբնակների համար հատուկ կացարաններ: Վանքերը հիմնականում շինության առումով վանական համալիրներ են, որտեղ բացի եկեղեցուց կան նաև վանական կյանքի համար անհրաժեշտ շինությունները, կացարանները, ուսումնարանները, դպրանոցները, գրադարանները և այլն:

2. Ու՞մ անունով է կոչվել Վահանավանքը՝

Վահանավանքի վանական համալիրը գտնվում է Կապան քաղաքից հվ-արմ, Տիգրանասարի լանջին, Ողջի գետի աջ ափին: Այն հիմնադրել է Սյունիքի իշխան Ձագիկի որդի Վահանը, ում անունով էլ կոչվել է վանքը: Նա կառուցել է վանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի շինարարությունն ավարտվել է 911 թվականին: 

3. Վահանավանքի շինությունները՝

Վանական համալիրը բաղկացած է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց (911 թ.), գավթից, սյունասրահից (XI դ. կես)  և Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցուց (1086 թ.): Համալիրի եկեղեցին, գավիթը և սյունասրահը 1046 թ. վերակառուցել է Իշխանաց իշխան Գրիգորը (հետագայում Սյունյաց թագավոր Գրիգոր Ա):

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի – Համալիրի գլխավոր եկեղեցին է: Կառույցի շինարարությունը ավարտվել է 911 թ.: Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճ է  և կառուցված է սրբատաշ բազալտից:

Գավիթ – Կից է եկեղեցուն արևմտյան կողմից: Այն կառուցել է Վահանավանքի վանահայր  և Սյունյաց մետրոպոլիտ Վահան Ջևանշիրյանը XI դ. կեսին: Գավիթը ուղղանկյուն դահլիճ է` 3 թաղակիր կամարներով: Գլխավոր մուտքը հարավից է և բացվում է դեպի կից սյունասրահը:

Ինչ վերաբերում է գավթին, ապա այն հատկացված է նրանց համար, ովքեր դեռևս չեն մկրտվել: Առաջին դարերում խիստ սկզբունքային է եղել այն, որ բոլոր չմկրտվածները, ինչպես նաև մկրտված, բայց մեղքի պատճառով հաղորդությունից առժամանակ զրկվածները արարողության ժամանակ չխառնվեն բուն հավատացյալների հետ, այլ աղոթեն գավթում: Հնում գավիթը եղել է պարզապես եկեղեցու բակը: Եվ միայն միջնադարում սկսեցին եկեղեցիներին կից հատուկ գավիթներ կառուցել, երբեմն՝ բավական մեծ չափեր ունեցող, քանզի արարողությունից դուրս դրանք նաև ժողովասրահի դեր են կատարել: Որոշ գավիթներ էլ ծառայել են իբրև դամբարան, ուր ամփոփում էին իշխանների և բարձրաստիճան հոգևորականների աճյունները:

Սյունասրահ -Հարավից կից է գավթին: Կամարակապ դահլիճ է: Ձգվում է եկեղեցու և գավթի ողջ երկարությամբ: Այս բոլոր կառույցները կղմինդրածածկ են:

Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցի – Գտնվում է վանական համալիրից դեպի հարավ, բարձունքի վրա: Ըստ պահպանված արձանագրության եկեղեցին 1086 թ. կառուցել են Սյունյաց թագուհի Շահանդուխտը  իր քրոջ` Կատայի հետ միասին: Այն դասվում է երկհարկանի դամբարան-եկեղեցիների շարքին: Նրա առաջին հարկը կառուցված է որպես դամբարան, որի վրա բարձրանում է եկեղեցու շենքը: Այն թաղածածկ, փոքր, միանավ  եկեղեցի է, որը հյուսիսից և արևելքից ունի սյունազարդ պատշգամբ: Եկեղեցու չափերը ավելի փոքր են քան առաջին հարկի դամբարանինը, որի հետևանքով հյուսիսային և արևելյան մասում առաջացել է շրջանցող հարթակ: Կառուցված է սրբատաշ բազալտից: Արևմտյան մասում անմշակ քարերով կառուցված գավիթն է:

Պատմություն

9-րդ դարը նշանավոր էր հայոց պատմության քաղաքական, մշակութային, հոգևոր կյանքում: 9-րդ դարի վերջում՝ համարյա 5 դար անց, Աշոտ Բագրատունիով վերականգնվում է հայոց պետականությունը: Հայերի համար սկսվում է նոր դարաշրջան՝ լի նոր հնարավորություններով: Այս վերածննդի վառ վկայությունն էր Տաթև վանական համալիրի Պողոս-Պետրոս տաճարի օծման հանդիսավոր արարողությունն ու համալիրի գործունեության ընդլայնումը: Այդ արարողությանը ներկա էին իշխանաց-իշխաններ, նշանավոր տոհմերի և հոգևոր ներկայացուցիչներ: Այդ շարքերում էին նաև Սյունյաց Բաղք գավառի իշխան Ձագիկը և նրա ավագ որդի- գահաժառանգ Ջևանշերը, ովքեր Տաթևի վանական համալիրից և օծման արարողությունից տպավորված, որոշում են իրենց տարածքներում ևս կառուցել նմանատիպ վանական համալիր:  

Ճարտարապետություն

Վահան Սյունին Վահանավանքի տեղանքը որոշել էր՝ հաշվի առնելով Բաղաբերդ ամրոցի տեղագրությունն ու նշանակությունը: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումից անմիջապես հետո, Վահան Սյունին հոգ է տանում վանական համալիրի տնտեսական ամրության մասին՝ վանքին նվիրաբերելով մի շարք կալվածքներ, այդ թվում նաև մոտակա մի քանի գյուղերը: 

Համալիրի տարածքում կառուցվում է նաև դպրոց, ուր ուսանելու էին գալիս ոչ միայն մոտակա Բաղք-Ձորքի շրջանից, այլ նաև Սյունիքի ամբողջ տարածքից: Այդ դպրոցում է սովորել, հետագայում մեծ հռչակ ունեցող, Վահան Ա Սյունեցին՝ նույն ինքը Վահան Ջևանշիրյանը: 

Ավելի ուշ՝ 11-րդ դարում, վանական համալիրում կառուցվում է ևս մի եկեղեցի՝ Սբ. Աստվածածինը: Եկեղեցու արևելյան պատին պահպանված արձանագրության համաձայն այն կառուցվել է 1086թ., սակայն ոչ մի այլ տեղեկություն կառուցման մասին չենք հանդիպում:   

Արքայական գերեզմանատուն

Վահանավանքի երբեմնի հզորության մասին է վկայում նաև այն փաստը, որ այստեղ են թաղված մի շարք հռչակավոր իշխաններ և Սյունյաց արքաներ, այդ թվում նաև՝ Վահան իշխանը, Սոփի թագուհին, Վաչագան իշխանի մայր Խաշուշը, Սմբատ Բ-ն և նրան հաջորդող բոլոր Սյունյաց թագավորները:

Ի դեպ, Սերո Խանզադյանն իր «Մխիթար Սպարապետ» պատմավեպում գրում է, որ հայ զորավար Դավիթ Բեկը, ով ծնունդով Բաղք գյուղից էր, նույնպես թաղվել է Վահանավանքում: Սակայն ուսումնասիրողները կասկածի տակ են դնում այս վարկածը՝ հիմնավորելով, որ այդ ժամանակ Վահանավանքից մնացել էին միայն ավերակները, իսկ նման նշանավոր զորավարին չէին կարող թաղել ավերակների տակ:  

հղում

հղում2

հղում3

հղում4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *