Daily Archives: November 2

Հայկական հարցը

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է. միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:

1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց: Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը: Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919–20 թթ.), որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս: 1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված: Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին. 1945 թ-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդա-թուրքական բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց: Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945 թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…»:Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:1960–80-ական թվականներին նկատելիորեն մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: 1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 1970–80-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն): ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան փաստը մերժելու քաղաքականություն: 1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է: Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը:

Հայ ազատագրական պայքար

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայերին որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, Արևմտյան Հայաստանում հայերը ենթարկվում էին քուրդ ավազակախմբերի պարբերական հարձակումների, կեղեքվում օսմանյան հարկահավաքների կողմից։ Համեմատաբար տանելի էր հայերի կյանքը Կոստանդնուպոլսում, որտեղ նրանք օգտվում էին որոշակի արտոնություններից։ Օսմանյան իշխանությունները հայերին ճանաչում էր որպես առանձին «միլեթ» (կրոնական–ազգային համայնք)` օժտելով նրանց համայնքային ինքնակառավարման որոշակի տարրերով։

17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։

Օսմանյան սուլթան Աբդուլ-Համիդ II-ը Հայկական հարցը օրակարգից հանելու և բարեփոխումներ իրականացմանն ուղղված հայերի պահանջները չեզոքացնելու նպատակով գնալով ուժեղացնում է արևմտահայության նկատմամբ հալածանքները։

Վերելքի նախադրյալներ

Հայ ժողովրդի պայաքրը 17-րդ դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ։ Դրա համար կային մի շարք նախադրյալներ։

Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվել էին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում։ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը։

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում։ Եվրոպական առանձին երկրներ, որոնք կանգնել էին թուրքական վտանգի առջև, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույների, ասորիների, վրացիների անգամ քրդերի, եզդիների համատեղ պայքարի պատրաստակամությունը։

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ հույսեր առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև 17-րդ դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պայքարը։

Հայկական ազգային շարժումը ներկայացված էր առանձին անհատ գործիչներով (Հայ ֆիդայիներ), ինչպես նաև երեք կուսակցություններով, որոնք էին՝ Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Արմենական և Հ.Յ.Դաշնակցություն։

Էջմիածնի 1677 թվականի ժողով

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թվականին գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին կեսին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ.Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի և այլ երկրների տիրակալների հետ։

Իրայել Օրու գործունեություն

Հակոբ Ջուղայեցին 1980 թվականին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլիսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա։ Այնտեղ մտնելով զինվորական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Նա ծառայություն է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի մոտ։

Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Իսրայել Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Նրա խորհրդով՝ Հայաստանում տիրող վիճակին ծանոթանալու նպատակով Օրին գալիս է հայրենիք։

Անգեղակոթի ժողով

Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Ժողովին մասնակցել են Սյունիքի և Արցախի մելիքներ և հոգևորականներ։ Այստեղ շուրջ քսան օր բուռն քննարկման առարկա դարձավ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։

Պֆալցյան ծրագիր

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության՝ 36 կետերից բաղկացած «Պֆալցյան ծրագիրը»։ Հայ ազատագրական պայքարի մեծ երախտավոր Իսրայել Օրին առաջինն էր, որ «Պֆալցյան ծրագիր» անունով, առաջ քաշեց դրոշի անհրաժեշտության գաղափարը։ Իսրայել Օրու այս ծրագիրը եվրոպական որևէ երկրում պաշտոնական քննարկման հարց չդարձավ՝ չունենալով գործնական նշանակություն։ Բայց նրա հիմնական դրույթները դրվեցին հայ ազատագրական շարժման ծրագրային սկզբունքների հետագա մշակման հիմքում։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհարաժեշտ օժանդակություն չստանալով՝ Օրին Վիլհեմի խորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։

1894 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ է լինում «հայկական հարցի լուծման» իր տարբերակի կյանքի կոչմանը։ Քրդերից կազմավորվում են հատուկ զինված ջոկատներ, որոնք ի պատիվ սուլթանի կոչվում էին «համիդիե»։ Դրանք հայ բնակչության զանգվածային կոտորածներ են իրականացնում հատկապես Սասունում, Մուշում, Դիարբեքիրում, Վանում և Խարբերդում։ Ջարդեր են տեղի ունենում նաև Էրզրումում, Տրապիզոնում, Ստամբուլում և Մարաշում։ Ընդհանուր առմամբ 1894-1896 թվականներին Համիդյան կոտորածներին զոհ է գնում մոտ 200,000-300,000 հայ, մոտ 80,000 հայեր դառնում են փախստականներ՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում, Կովկասում և Բալկանյան երկրներում։ Թուրքական հայահալած քաղաքականության դեմ 1904 թ. ընդվզում է Սասունը, սակայն օսմանյան իշխանություններին հաջողվում է ճնշել հայերի դիմադրությունը։