Ագրոզբոսաշրջություն

Ագրոզբոսաշրջությունը առաջարկում է հանգիստ գյուղերում՝ հեռու քաղաքի անցուդարձից եւ աղմուկից: Հանգստի այս ձեւը զբոսաշրջիկներին, եւ հատկապես քաղաքաբնակներին, թույլ է տալիս ձեռք բերել գիտելիքներ գյուղական տնտեսության վարման վերաբերյալ, ծանոթանալ գյուղատնտեսական մթերքների արտադրությանը, ճաշակել բնական, թարմ եւ առողջարար սննդամթերք:
Ագրոզբոսաշրջությունը անմիջականորեն նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը, գյուղմթերքների շուկայի ընդլայնմանը, ինչն էլ հանգեցնում է գյուղաբնակների կյանքի բարելավմանը: Եվրոպայում այն հայտնի էր դեռեւս 1970- ական թվականից:
Ագրոզբոսաշրջության առավելություններից է մեկուսացումը բնության հետ՝ լիովին լինելով հարմոնիայի մեջ: Զբոսաշրջության այս ձեւը հիմնականում առաջարկվում է զբոսաշրջիկների այն խմբերին, որոնց հոգնեցրել է քաղաքային կյանքի ակտիվ ռիթմը եւ ովքեր ցանկանում են ժամանակավորապես մոռանալ աշխատանքի, առօրյա պարտականությունների, քաղաքային տրանսպորտի, խցանումների, մարդկանց հերթերի մասին: Շատ ագրոզբոսաշրջիկների գրավում է երկրի մշակույթի, ավանդույթների, բանահյուսությունների հետ շփվելու հնարավորությունը, որոնք դեռ պահպանվում են գյուղերում:
Ագրոզբոսաշրջությունը չի պահանջում մեծ պետական ներդրումներ, ինչպես զբոսաշրջության մյուս տեսակները: Այն դեռեւս բավարարվում է գյուղական շրջաններում առկա ներուժով՝ բնական բացառիկ ռեսուրսներով եւ պատմամշակութային նշանակության օբյեկտներով, գյուղերի մասնավոր բնակելի ֆոնդերով եւ տնտեսություններում արտադրված սնունդով:
Ագրոզբոսաշրջության մյուս առանձնահատկությունն այն է, որ չի պահանջում զբոսաշրջային մեծ կազմակերպությունների ստեղծում:
Արեւմտյան Եվրոպայի փորձը ցույց է տալիս, որ ագրոզբոսաշրջությունը հետզհետե սկսում է գրավել աշխարհը եւ զբոսաշրջության այս առանձնահատուկ տեսակից ստացվող եկամուտները
որոշ երկրներում կարող ենք համեմատել գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների հետ: Ագրոզբոսաշրջության դրական կողմերից մեկն այն է, որ վերջինս թույլ է տալիս բարձրացնել էկոլոգիական կրթության մակարդակը, ինչպես եկվորների, այնպես էլ տեղի բնակչության մոտ: Ագրոզբոսաշրջիկների ամենահայտնի զբաղմունքներից են ոտքով զբոսանքները, թռչունների դիտումը, ֆոտո եւ վիդեո նկարահանումները, բնակությունը վրանային բնակավայրերում, ձկնորսությունը, բուսաբանական էքսկուրսիաները եւ այլն:

Հայաստանը նույնպես առանձնանում է ագրոզբոսաշրջության համար անհրաժեշտ հարուստ ռեսուրսներով: Մեր լեռնաշխարհի գեղատեսիլ բնությունը, անկրկնելի լանդշաֆտները, պատմամշակութային եւ բնական հուշարձանները, հարուստ բուսական աշխարհը, հայկական խոհանոցի յուրահատկությունները եւ ավանդական հյուրասիրությունը կարեւոր գործոններ են ներքին եւ արտաքին զբոսաշրջության, հատկապես` ագրոտուրիզմի զարգացման համար:
Հայաստանում ագրոզբոսաշրջություն կարող է իրականցվել՝ Արարատի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում: Օրինակ՝ Լոռու մարզում ագրոզբոսաշրջության իրականացման արարողություններից են՝ մրգերի բերքահավաքը, բերքի վերամշակումը, տարբեր մրգերից օղու ստացումը, կճուճում պանրի հորումը, խնոցում կարագի պատրաստումը, թոնիրում լավաշի թխումը եւ այլն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *