Տավուշի մարզի բերդեր

Ցլիկ Ամրամի բերդ

Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին է գտնվում միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկը՝ Տավուշի բերդը կամ այլ կերպ՝ Ցլիկ Ամրամի բերդը։ Այն հիշատակվում է 10-րդ դարից։ Սկզբից եղել է Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայրը՝ հիմնականում Ցլիկ Ամրամինը, այնուհետև անցել է Կյուրիկյան իշխանատոհմին։ 12-13-րդ դարերում այն արդեն Զաքարյանների տիրապետության տակ էր։ Հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։

Բերդը բաղկացած է եղել միջնաբերդից և ստորին բերդից։ Բարձրադիր մասը գրավում էր միջնաբերդը։ Արևելյան և հյուսիսարևելյան մասերում պահպանվել են կիսաշրջանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները, որոնք ունեցել են մինչև 12 մ բարձրություն։ Ամրոցի մուտքը եղել է հարավային կողմից։ Օժանդակ շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդի արևեյան կողմում տեղակայված է եղել ստորին բերդը։ Այս հատվածում պահպանվել են կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդները, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատերը, ինչպես նաև տնտեսական շինությունների և կացարանների հետքեր։

Մինչև օրս պահպանվել են ամրոցի ջրամատակարարումը ապահովող խողովակների մնացորդներ, որը բերվել է Գլգլան կոչվող աղբյուրներից։ 14-րդ դարից բերդը եղել է քանդված։ Ժամանակի հետ բոլոր շինությունները հայտվել են հողի հաստ շերտի տակ։ Կատարվել են մասնակի պեղումներ, սակայն մինչև այժմ անհայտ են մուտքի և ելքի տեղերը։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և այլ իրեր։

Հղում

Մանթաշաբերդ կամ Աշոտ Երկաթի ամրոց

Ամրոցը գտնվում է Դիլիջան քաղաքից մոտ 25 կմ դեպի հյուսիս արևելք, Աղստև գետի աջ ափին, ուղղաձիգ բարձրացող ժայռի գագաթին։ Կառուցվել է արաբական տիրապետության ժամանակաշրջանում։ Այն Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է։

Լեռան անցանելի հատվածները ամրացված են ամուր պարսպապատերով, որոնք ունեն բրգաձև աշտարակներ, պատերի մեջ՝ կլոր, փոքր անցքեր։ Պարսպապատերը սև քարից են, ամուր կրաշաղախով։ Սև գույնի պատճառով հետագայում օտար նվաճողները այն կոչել են Ղարա ղալա այսինքն Սև բերդ, իսկ ԽՍՀՄ տարիներին սկսել են կիրառել Кара Кала անունը: Ամրոցը կրկնահարկ է, սանդղավանդակի ձևով, առաջին հարկը բավական ընդհարձակ է, հյուսիսից բարձրանում է մի այլ քարաժայռ, որի վրա տեղավորված է ամրոցի երկրորդ աստիճանը՝ միջնաբերդը, այն ամրացված է պարսպապատերով, արևելյան կողմից ունի առանձին մուտք։ Միջնաբերդը զբաղեցնում է փոքր տարածություն։ Ամրոցի երկու մասերում էլ նկատվում են կառույցների հիմնապատերը։

Պատմական աղբյուրներում Մանթաշաբերդը միշտ հիշատակվում է Կայեն բերդի (Աղջկա բերդ) հետ միասին, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում։

Աղջկա բերդի հետ կապված կա նաև այսպիսի լեգենդ:

Ամրոցի և Աղստևի կիրճում գտնվող ավերակ բաղնիքի մասին ժողովրդի մեջ մի ավանդություն է մնացել։ Ասում են, եղել է մի գեղեցիկ աղջիկ, որն ունեցել է իր զորքը։ Շատ իշխաններ հրապուրվելով նրա գեղեցկությամբ ցանկացել են ամուսնանալ, բայց նա մերժել է բոլորին։ Երբ ոչ մի կերպ չեն կարողացել համոզել, ցանկացել են ուժով տիրել։ Իշխանուհին հավաքելով իր տիրապետության տակ գտնվող մարդկանց, կառուցում է ամրոցը և իր զորքով պատսպարվում այնտեղ։ Աղջկա համառությունն ու քաջագործությունները ավելի են գրգռում իշխան Մանթաշին: Նա աղջկա բերդի դիմաց կառուցում է Մանթաշի բերդը և հարձակումներ գործում աղջկա բերդի վրա։ Դրանք բոլորն էլ անհաջողությամբ են վերջանում, միշտ հաղթում է աղջիկը։ Մի անգամ էլ նա զորքը ուղարկում է Մանթաշաբերդի վրա։ Կռվում նորից հաղթում է աղջկա զորքը։ Դրանից հետո Մանթաշը հաշտություն է խնդրում։ Նրանք պայմանավորվում են որ յուրաքանչյուրը մնա իր ամրոցում, բայց ի նշան բարեկամության Աղստև գետի ափին (այժմյան Համամի ճալայում) կառուցում են վերը նշված բաղնիքը։

Այդ պատճառով այս բերդին ասում են նաև Մանթաշաբերդ:

Բերդավանի/Ղալինջաքարի ամրոց

Բերդավանը (նախկինում` Ղալաչա) գտնվում է Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Բերդը կառուցվել է 10-11-րդ դարերում և վերականգնվել է 17-րդ դարում:  Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի  սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարերի մեծ հավաքածու: Բերդավանի մոտ է գտնվում միջնադարյան Գալինջաքար (Ղալինջաքար) ամրոցը: Գրավոր աղբյուրներում Ղալինջաքար ամրոցն առաջին անգամ հիշատակվում է 1123 թվականին: Հավանական է, որ ուշ միջնադարում ենթարկվել է նորոգության: 1983 թ. ամրոցի տարածքը մաքրվել և բարեկարգվել է, քանդվել և վերաշարվել են պարսպապատերի և աշտարակների վերին հատվածները, վերականգնվել է հյուսիսարևելյան երկու աշտարակը և այլն:

Ճարտարապետական նկարագիր

Ճարտարապետական հորինվածքով եռանկյունաձև հատակագծով, արևելք-արևմուտք ուղղվածությամբ աշտարակավոր պարսպապատերով կառույց է, որի աղյուսաշար սլաքաձև ավարտով միակ մուտքը բացված է արևմուտքից: Ամրոցն ունեցել է ստորգետնյա գաղտնուղի, որի սկզբնահատվածը պահպանվել է արևելյան աշտարակի ստորին մասում: Կառուցված է կոպտատաշ դեղնավուն ֆելզիտով, կրաշաղախով: Բացառություն են կազմում պատերի ստորին շարքերը, ինչպես նաև բացվածքների եզրաքարերը, որոնք սրբատաշ են: Որմերում պահպանվել են միջնադարյան քանդակազարդ բեկորներ: Դրանք հատակագծում ունեն կլորացված անկյուններով հավասարակողմ (մոտ 20 մ երկարությամբ) եռանկյունաձև՝ գրեթե արևելք-արևմուտք ուղղվածությամբ։ Հավանական է, որ պարսպապատերին կից՝ ներքին բակի շուրջը ժամանակին եղել են շինություններ (կացարաններ, պահեստներ և այլն)։ Այդ մասին են ասում վերջերս նորոգման առիթով ներսի 2-3 մ հաստությամբ կուտակված հողաշերտը հանելիս հայտնված ձուլվածքի կտորները, փուքսի մնացորդները, կավանոթները, մետաղական կազինը և այլն։

Հիշատակություններ և նորոգման աշխատանքներ

Բերդավանի ամրոցը ենթադրաբար նույնացվում է XII դ. վրաց Անանուն պատմիչի հիշատակած Ղալինջաքար ամրոցի հետ։ Ստացվում է, որ Բերդավանի ամրոցը առնվազն XII դ. գոյություն է ունեցել։ Ներկայից ամրոցի մնացորդների տվյալները (շարվածք, շինարարական տեղնիկա, պահպանվածություն, մուտքի բարավորի սլաքաձևություն և այլն) նման նույնացման համար բավարար հիմք չեն տալիս. դրանք ավելի շուտ վերաբերում են ուշ միջնադարին՝ հավանդաբար XVII դ.: 1983 թ. սկսվել է ամրոցի նորոգումը։ Փլատակներից մաքրված է հուշարձանի ներսը և շրջակայքը։ Քանդվել և վերաշարվում են պարսպապատերի և աշտարակների մերին խազիզված մասերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *