Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Երևանում պահպանված ամենահին եկեղեցիներից մեկն է: Գտնվում է հին Երևանի Շահար կոչվող թաղամասում: Այն նախկինում կոչվել է Սուրբ Աստվածածին։ Այն սկսել է կոչվել Զորավոր Սուրբ Աստվածածին՝ այստեղ պահվող, հրաշագործ համարվող և 13-րդ դարի «Զորավոր» կոչվող Ավետարանի անունով։ Այստեղ է գտնվում նաև Անանիա Առաքյալի գերեզմանն ու մատուռը: Ժամանակին մատուռը հայտնի սրբավայր է եղել:

Վանքը կառուցվել է վանական Մովսես Սյունեցու ջանքերով՝ 17-րդ դարի 1-ին կեսին՝ բարերարների ֆինանսական աջակցությամբ: Համալիրում ընդգրկված էին Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սուրբ Անանիայի մատուռը: Ավելի ուշ համալիրին ավելացվել է վանական դպրոց: Դժբախտաբար, նորակառույց վանական համալիրը երկար կյանք չի ունեցել և ավիրվել է 1679 թվականի սարսափելի երկրաշարժից: Պահպանվել է միայն մատուռը։

Ներկայիս Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1693-1694 թվականներին` նախկին վանքի տեղում։Այն կառուցվել է Երևանի ամենահարուստ բնակիչներից մեկի՝ Խոջա Փանոսի միջոցներով: Կառուցումից 100 տարի անց արված արձանագրության համաձայն՝ եկեղեցին վերանորոգվել է Գաբրիել հարյուրապետի կողմից:

Սուրբ Զորավոր եկեղեցին պատկանում է եռանավ բազիլիկների տիպին, անգմբեթ է: Աղոթասրահի արևելյան կողմում ավագ խորանն է ավանդատներով՝ հարավային և հյուսիսային անկյուններում: Եկեղեցու ներքին և արտաքին ճարտարապետությանը բնորոշ է խիստ պարզությունը: Արտաքին պատերի առանձին հատվածներում ագուցված են XVII դարով թվագրված գեղաքանդակ խաչքարեր:

1889 թ. վերանորոգման ժամանակ դամբարանի մուտքը եկեղեցու միջից փակվել է, իսկ նրա վրա կառուցվել է փոքր, գմբեթարդ շինություն։ 1970-ականներին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել է, հատակը՝ մարմարապատվել, Ավագ խորանում սեղան է տեղադրվել, շինվել է հյուսիսային որմում մկրտարանի ավազանը, նորոգվել է Սուրբ Անանիայի մատուռ-դամբարանի գմբեթը, շրջապատը՝ բարեկարգվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *